Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Լեգենդներ

Էտտա Ջեյմս /Etta James (1938-2012)

Ամերիկյան երաժշտական Օլիմպում շատ քչերին է հաջողվում հայտնվել ազգային նշանակություն ունեցող երաժիշտների շարքում: Եվ այդ շարքում իր կայուն տեղն է զբաղեցրել Էտտա Ջեյմսը (Ջիմսետտա Հոկինս)` օժտված հզոր արտիստիկ տվյալներով: Ինչ էլ երգչուհին չձեռնարկեր` լիներ դա սոուլ թե փոփ, ջազ թե բլյուզ, ռոք թե գոսպել, նա միշտ ներդնում էր իր ունիկալ տաղանդը, գրգռելով կամ օրորելով ունկնդիրներին իր խորաթափանց ձայնով:

 

Նրա ձայնագրություններով սովորել են Թինա Թյորները (Tina Turner), Ջենիս Ջոպլինը (Janis Joplin) և Գլեդիս Նայտը (Gladys Knight): Նրա անձնական կյանքի օրինակով, որը լի է դառը և ողբերգական էջերով, կարող են սովորել բոլոր նրանք, ում կյանքը ստիպել է նահանջել, և ում թվում է, որ նա ուժասպառ է եղել և չի կարող շարունակել պայքարը:

 

Այն, որ նա ծնվել է երգելու համար, ակնհայտ դարձավ շատ վաղ` արդեն 5 տարեկան հասակում նա մենակատարում էր լոս-անջելեսյան բապտիստական եկեղեցական երգչախմբում: 5-ամյա աղջկա գոսպել կատարումները երգչախմբի ուղեկցմամբ հնչում էին տեղի ռադիոկայանում: Շուտով նա սկսում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ և վոկալով, իսկ նրա ուսուցիչն է դառնում պրոֆեսոր Ջեյմս Էռլ Հայնսը (James Earle Hines): Երբ 1950 թ. 12-ամյա Էտտան մեկնում է Լոս-Անջելես, նրա ապագա հաջողության վերաբերյալ կասկած չի առաջանում:  Մի քանի ամիս անց նա գլխավորում է դպրոցական վոկալային տրիո-անսամբլը, որը ստեղծում է մի քանի էնտուզիաստների աջակցությամբ: Գործը չի սահմանափակվում դպրոցի պատերով` տրիոյին հրավիրում են մասնակցել տարբեր համերգների, ընդ որում նրանց ռեպերտուարում տեղ են գտնում սեփական ստեղծագործությունները: Այդպիսի համերգներից մեկում Ջիմսետա Հոկինսին նկատում է Ջոնի Օտիսը (Johnny Otis)` մարդ, ում ամերիկյան երաժշտական ինդուստրիան պարտական է շատ բացահայտած անուններով:

 

Ջիմսետտան 14 տարեկան էր, երբ իր տրիոյի հետ հայտնվեց Օտիսի լսումներին: Լսելով այն, ինչ կարող էին նրանք ներկայացնել, Օտիսը առնձնահատուկ ուշադրություն է դարձնում նրանց սեփական երգի վրա, որը աղջիկները գրել էին ի պատասխան այն ժամանակների աստղ Հենկ Բալլարդի (Hank Ballard) և նրա Midnighters խմբի Work with Me Annie ստեղծագործությանը: 1965-ից սկսվում է Ջեմիսետտայի սոլո կարիերան: Այդ ժամանակ էլ Ջոննի Օտիսը, տեղափոխելով նրա անվան երկու մասերը, Ջեմիսետտային դարձնում է Էտտս Ջեյմս: Չնայած, որ մայրը դեմ էր դրան, Էտտան մեկնում է Լոս-Անջելես Roll with Me Henry կատարումը ձայնագրելու նպատակով` Օտիսի խմբի և Րիչարդ Բերրիյի (Richard Berry) մասնակցությամբ: Երգը բավականին սկանդալային էր` չափից անկեղծ մարտահրավեր էր առաջարկում այդ աղջիկը Հենկ Բալլարդին: Շատ ռադիոկայաններ հրաժարվեցին այն եթեր արձակել, պահանջելով գոնե ձևափոխել անունը: Այսպիսով, Roll with Me Henry-ն վերածվեց Dance with Me Henry-ի, և 1955 սկզբին սինգլը արդեն գլխավորեց ռիթմ-ն-բլյուզային չարտը:
 

 

Չնայած Էտտան սկսել է որպես Peaches խմբի լիդ-վոկալիստուհի, նա ստիպված էր շարունակել միայնակ: Իհարկե, երգչուհին ուներ օգնականներ և խնամակալներ: Նրան աջակցում էր սաքսոֆոնահար Մաքսվել Դեվիսը (Maxwell Davis), բայց նա ստիպված էր քայլել այս կյանքով միանգամայն ինքնուրույն: Եվ այդ ճանապարհը երբեք չեր եղել սփռված վարդերով:

 

 

Մինչև 50-ականների ավարտը Էտտա Ջեյմսը մնում է Modern Records-ի խնամակալության ներքո, որտեղ էլ արդեն չէր մտահոգում իրենց արտիստուհու PR-ի վերաբերյալ: Նա ձայնագրում է ևս սինգլների շարք, որոնցից հաջողության է հասնում միայն Good Rockin' Daddy, (1955 թ.), տեղ զբաղեցնելով «սև» սինգլների լավագույն հնգյակում:

 

Իսկ այնպիսի ուշադրության արժանի ստեղծագործությունները, ինչպիսիք են W-O-M-A-N կամ Tough Lover` անցան աննկատ: Մինչդեռ արդեն այդ ժամանակ արտիստուհու խելահեղ կենդանի համերգները մեծ հաջողությամբ էին ընթանում: 60-ականների կեսին նա դառնում է Ջոննի Օթիսի շոուի մասնակիցներից մեկը: Ինչպես շատ բլյուզ կատարողներ, նա հատկապես լավ էր իրեն դրսևորում բեմի վրա, և շատ համերգային ալբոմներ ավելի մեծ հետաքրքրությամբ էին ընդունվում, քան ստուդիային ալբոմները:
 

 

Այդ վաղ ժամանակաշրջանը, որն այդքան էլ առատ չէր ձայնագրություններով, ավարտվեց 1960-ին, երբ Էտտա Ջեյմսը սկսեց համագործակցել հանրահայտ Chess Records-ի մասնաճյուղ Argo լեյբլի հետ: Լեյբլի ղեկավար Լեոնարդ Չեսը (Leonard Chess) լրջորեն զբաղվեց նրանով, տեսնելով նրա մեջ դասական բալլադների հեռանկարային և տաղանդավոր կատարող` ինչպես ստեղծագործական, այնպես ել  կոմերցիոն առումներով: Ջեյմսը փորձնական ձայնագրում է մի քանի շատ հաջող դուետ` իր այդ ժամանակվա մոտ ընկերոջ՝ Moonglows խմբի լիդ-վոկալիստի հետ: Դրան հետևում է շատ գեղեցիկ բալլադ All I Could Do Was Cry` սրտաճմլիկ երգերի շարանից: Ունկնդիրը շտապեց օգնել երգչուհուն արցունք թափելու գործում, որի շնորհիվ էլ սինգլը հայտնվեց ԱՄՆ-ի top 40-ում:

 

1961-ին, երբ լիամետրաժ ալբոմի թողարկման ժամանակը հասունացավ, Լեոնարդ Չեսը, որպեսզի տպավորությունը ավելի էլ ազդեցիկ դարձնի, ձայնագրման է հրավիրում լարային նվագախումբ: Երեք լավագույն սինգլ At Last, Don't Cry, Baby և Trust in Me լարային գործիքավորման շնորհիվ հնչում են շքեղ: Երեք երգերն էլ  հայտնվում են սոուլ չարտի Тор 10-ում, իսկ Don't Cry, Baby-ն նշվում է փոփ-սինգլների Тор 40-ում: Ոչ միայն «սև» լսարանը, այլ նաև ամենա լայն հասարակությունը շատ ջերմ է ընդունում Էտտա Ջեյմսի դեբյուտային At Last սկավառակը:

 

Chess Records-ի ղեկավարը իրեն բնորոշ խորաթափանցությամբ գնահատեց Էտտայի արտիստիկ բազմակողմանիությունը: Something's Got a Hold on Me 1962-ի սինգլում (ևս մեկ հիթ Тор 40-ում) մեր առջև արդեն ուրիշ կերպար է հայտնվում: Նոր կերպարով է Ջեյմսը հանդես գալիս իր ոգևորիչ Etta James Rocks the House (1963) կենդանի ալբոմում, ձայնագրված  New Era ակումբում, Նեշվիլում: Խորը բլյուզային միտումներ են նկատվում In the Basement ստեղծագործությունում, թողարկված 1966-ին իր մանկության ընկեր Sugar Pie De Santo-յի մասնակցությամբ:

 

Էտտա Ջեյմսը միշտ տարբերվում էր իր պահանջկոտությամբ` նախ և առաջ ր նկատմամբ, կարևորում էր իր երաժշտության որակային հատկանիշները: Մասնագիտական աճին համընթաց ավելանում էր ուշադրությունը որակի վերաբերյալ: Չնայած, որ Chess Records-ը իր երաժիշտներին նվագակցելու համար միշտ տրամադրում էր որակյալ խմբեր, 1967-ին երգչուհուն այդ խումբը արդեն չէր բավարարում: Նոր նյութի ձայնագրման համար նա ուղևորվում է Fame ստուդիա, որը պատկանում էր Րիկ Հոլլին (Rick Hall), որտեղ էլ ծնունդ առավ նրա կարիերայի կարևորագույն սկավառակներից մեկը` Tell Mama, որն ընդունված է համարել այդ ժանրի ամենա վառ օրինակներից մեկը: Այդ Էֆեկտիվ կերպով ներկայացված հավաքածուն ընդգրկում էր տպավորիչ հարավային սոուլի օրինակներ, որոնք հակադրվում էին այնպիսի վառ ստեղծագործություններով, ինչպիսին է օրինակ I'd Rather Go Blind-ը:

 

 

1968-ին, երբ լույս է տեսնում Tell Mama ալբոմը, Էտտա Ջեյմսը ապրում է իր կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը: Tell Mama սինգլը բարձրանում է փոփ-չարտի 23 հորիզոնական, որն ամենաբարձր արդյունքն էր նրա ամբողջ կարիերայի ընթացքում: Եվ ալբոմը և սինգլները շատ ջերմ ընդունվեցին թե ունկնդիրների, թե մամուլի կողմից: Բլյուզ մելոմանները այսօր էլ շատ կարևորում են I'd Rather Go Blind և Tell Mama ստեղծագործությունները` իրենց ինքնատիպուպությամբ և արտահայտչությամբ:

 

Լեոնարդ Չեսսի մշտական աջակցությամբ երգչուհին գրեթե ամեն տարի թողարկում է բավականին ուժեղ սոլո ալբոմներ, որոնք լի էն բազմազան հիթերով: Ջեյմսը դիտարկվում էր որպես  Chess Records-ի իսկական գանձ, այդ պատճառով էլ նա, Չեսսի մահվանից հետո, հեշտությամբ գտնում է ընդհանուր լեզու նոր ղեկավարության հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ նա հեռանում է իրեն բնորոշ ամպլուայից և փորձում է իրեն ռոք երաժշտության մեջ:

 

 

70-ականների երկրորդ կեսին երգչուհու կյանքում սկսվեց բավականին մռայլ ժամանակաշրջան, որը տևեց մի քանի տանջալից տարի:  Իր կյանքի ամենա տխուր էջերի մասին նա պատմել է շատ անկեղծ "Rage to Survive" ինքնակենսագրությունում: Մի քանի անգամ նա թմրանյութերից կախվածության մեջ է հայտնվել, անհաջող փորձեր է կատարել ազատվել դրանից: Երբեմն նա ամիսներով չի կարողացել աշխատել: Մի ամբողջ տասնամյակ Ջեյմսը չի կատարել որևե ստեղծագործական աշխատանք: Այդ ժամանակահատվածում նույնպես լույս են տեսնում նոր ալբոմներ` լավագույն հիթերի հավաքածուներ, համերգային ձայնագրություններ, սակայն նրանք ուղակի 60-ականների իր լավագույն գործերի գունատ պատճեներն են: Նա խուսափում է հեռավոր ճանապարհորդություններից, հանդես է գալիս համեստ ակումբներում:

 

 

Վերջնականորեն Էտտա Ջեյմսը վերականգնվեց 1987-ին, երբ նա նախաձեռնում է իր առաջին ալբոմի ձայնագրումը Island Records լեյբլի համար: Seven Year Itch լոնգ-փլեյը հայտնվում է 1988 թ. և վերադարձնում է Ջեյմսին հարավային սուլի վարպետի անունը: Երկու տարի անց թողարկված Sticking to My Guns (1990) սկավառակը իր մեջ պարունակում է ռիթմ-ն-բլյուզային համարներ` ժամանակակից ոճով: Իսկ 1992 թ. The Right Time for Elektra ալբոմը, որի պրոդյուսերը դարձավ Ջերրի Վեքսլերը (Jerry Wexler), իրենից ներկայացրեց հմայիչ սոուլ երաժշտության փայլուն օրինակ: Այդ ժամանակ արտիստուհին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ջազի նկատմամբ: Նա օգտագործում է առաջին իսկ հնարավորությունը ցուցաբերել իր հարգանքն և սերը ջազային լեգենդ Բիլլի Հոլիդեյին (Billie Holiday) նկատմամբ, ում կյանքը և արվեստը ներշնչում էին Էտտա Ջեյմսին իր կյանքի ամենա դժվար պահերին:

 

 

1994 թ. նա ձայնագրում է cover-ների հավաքածու` Mystery Lady: Songs of Billie Holiday: Ալբոմը լավ տպավորություն է թողնում մելոմանների և պրոֆեսիոնալների վրա: Ամերիկյան ջազային չարտում ալբոմը բարձրանում է մինչև երկրորդ հորիզոնական: Ջեյմսը ստանում է իր առաջին Grammy-ն «լավագույն ջազային վոկալ» անվանակարգում:

 

 

Բարեկեցիկ ծերություն և արժանի հանգստի առավելություններ վայելելու փոխարեն, Էտտա Ջեյմսը վերջին տարիներին զբաղվում է իր համար նոր և չհետազոտված երաժշտական ուղղություններով: 90-ականների վերջին և 2000-ի սկզբին նրա երգացանկում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: 1998 թ. նա առաջին անգամ թողարկում է Սուրբ Ծննդյան թեմատիկայով ալբոմ` Etta James Christmas: 2001-ին նա նորից հետաքրքրվում է ջազով` նրա լոնգ-փլեյ Blue Gardenia-ն գլխավորում է ջազային չարթը:

 

Սակայն երգչուհու կյանքում ամենա կարևոր տեղն է զբաղեցնում բլյուզը: Նա կատարում է միանգամայն նոր երգեր, ձայնագրում է դասական համարվող բլյուզային ստեղծագործությունների սեփական տարբերակներ, հանդես է գալիս բլյուզային ծրագրերով: Իր հետաքրքրությունը ոչ այդքան մոդայիկ երաժշտության նկատմամբ նա բացատրում էր նրանով, որ կարիք է զգում առաջարկել բլյուզ (որն ավանդաբար ստեղծվել է տղամարդկանց կողմից)` կնոջ տեսանկյունից: Այդ կանացի մոտեցումը արժանացել է անկեղծ կոմպլիմենտների քննադատներից և հանդիսատեսի ոչ պակաս հիացմունքին:

 

 

Վերջին տարիների իր բոլոր ձայնագրությունները հայտնվում էին բլյուզ-չարտերի լավագույն հնգյակում` Matriarch of the Blues (2000), Love Songs (2001), համերգային Burnin' Down the House: Live at the House of Blues (2002), Let's Roll (2003), Blues to the Bone (2004): Արժե նշել, որ LP "Let's Roll" ավելացրեց  նրա մրցանակների հավաքածուն ևս մեկ Grammy-յով «լավագույն բլյուզային ալբոմ» անվանակարգում:

 

 

Երգչուհին վախճանվեց 2012թ.-ին և շարունակում է մնալ ազգային արժեք ունեցող արվեստագետների շարքում՝ զբաղեցնելով իր պատվավոր տեղը Բլյուզի փառքի դահլիճում (Blues Hall of Fame), հանդիսանալով Grammy-ի` երաժշտության բնագավառում ձեռքբերումների համար մրցանակին և ունենալով սեփական աստղը Հոլիվուդի փառքի պուրակում:

 

(www.peoples.ru կայքի նյութերի հիման վրա)



International Blues Music Day
European Blues Union
VIDEO